News

«Ոսկե ծիրան». «Երկու ճանապարհ»-ը պատմում է լսողական խնդիրներով մարդկանց գունեղ աշխարհի մասին
PanARMENIAN.Net – «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական մրցույթում ներկայացված Վահե Յանի (Ղազարյան) «Երկու ճանապարհ» ֆիլմը պատմում է լսողության խնդիր ունեցող երկու մարդկանց կենսակերպի, մտածելակերպի և աշխատանքի մասին:
Առաջին հերոսուհին`Գոհարը սիրում է նկարել, երազում է վաճառել իր աշխատանքները, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, օգնել ծնողներին և եղբոր ընտանիքին: Մյուս հերոսը`Հայկը, պարող է և կյանքն առանց պարի չի պատկերացնում: Նա առաջին մրցանակի է արժանանում Հայաստանի ամենահեղինակավոր պարի փառատոնում, երազում է ունենալ մի տարածք, որտեղ կդասավանդի պար:
Մամլո ասուլիսում Վահեն նշեց, որ որոշել է զերծ մնալ լացակումած երանգներից, և շեշտը դրվել է հերոսների գունեղ աշխարհի վրա: Երիտասարդ ռեժիսորը գտնում է, որ սահմանափակ կարողությունների տեր մարդիկ հոգեբանական խնդիրներ չունեն: Ըստ նրա, խնդիրը մեր մեջ է, և մենք ենք կոմպլեքսավորվում: Նկարահանման առաջին օրը ռեժիսորն օգտվել է մասնագետների ծառայություններից, որովհետև նա ինքն էր կոմպլեքսավորվում նման մարդկանց հետ շփվելուց:
Երկրորդ օրվանից Վահեն աշխատել է առանց մասնագեի օգնության:
Նրանց ճանապարհները տարբեր են և, միևնույն ժամանակ, իրար մոտ:
Ֆիլմը նկարահանվել է Հայ-ֆրանսիական զարգացման հիմնադրամի պատվերով: