News

«Մարդիկ սերիալներ են նայում, որովհետև իրենց դուր է գալիս այն կեղծ իրականությունը, որն իրենց մատուցում են»

19.11.2012

Ասում է ռեժիսոր Վահե Յանը

Երիտասարդ ռեժիսոր Վահե Յանը կինոարտադրության ոլորտում է դեռևս 2006-ից: Մասնագիտական ձեռքբերումների սկզբնակետը «Շողակաթ» հեռուստաընկերությունն էր, որի հետ մինչ օրս համագործակցում է: Վահե Յանը նկարահանում է վավերագրական ֆիլմեր և հեռուստատեսային հաղորդումներ: Դեռ ուսանողական տարիներից՝ 2001թ., Վահե Յանն իր աշխատանքներով արժանացել է մի շարք միջազգային պատվոգրերի, մրցանակների: Ռեժիսորի վերջին վավերագրական ֆիլմը «Երկու ճանապարհն» էր, որը պատմում էր խուլ հերոսների կյանքի, նրանց աշխարհայացքի, մարդկության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին:

– Ինչո՞ւ են հայ ռեժիսորներից շատերը, հատկապես՝ դրսի հանդիսատեսի համար արված, միջազգային փառատոներին ներկայացվելիք ֆիլմերի սցենարների, սյուժեների հիմքում Հայոց ցեղասպանության, սպանդի թեման ընտրում:

– Որքան մենք մեր վիշտը դուրս ենք հանում՝ այնքան վատանում է մեր վիճակը: Մենք անընդհատ հանում ենք մեր բոթը: Ու դա անում ենք անորակ ձևով: Դա կոչվում է հայկական սինդրոմ: Դրանից շատ շուտ պետք է ձերբազատվել: Մինչև մենք չձերբազատվենք դրանից՝ աշխարհը չի դադարի մեզ լսել և ընդունել՝ որպես լացկան և ցավով լի ազգ: Չի կարելի անընդհատ խոսել դրա մասին: Կարելի է տասը տարին մեկ անգամ մի լավ ֆիլմ արտադրել՝ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի նման: Ես այդ ֆիլմից այն կողմ ցեղասպանության մասին պատմող ոչ մի այլ ֆիլմ չեմ կարողանում մտաբերել:

– Հայկական կինոն ինչպիսի՞ վիճակում է:

– Հիմա մի քիչ ավելի լավ վիճակում են վավերագրական ֆիլմերը: Մենք ժամանակին սովորում էինք ռուսական դպրոցով, իսկ այսօր դա չկա: Քիչ են մնացել այնպիսի մասնագետները, ովքեր տիրապետում են այդ դպրոցին, դասավանդողների մի մասն էլ ուղղակի գիտելիքների մի մասը մոռացել է: Իսկ ուսանողներն էլ կիսով չափ են դասի գալիս: Այդ ամենը գումարելով միմյանց, ստացվում է այն, ինչ այսօր ունենք: Իսկ այսօր մենք ոչինչ չունենք: Կիսատեսնելով, կիսալսելով, կիսասովորելով՝ մեր մեջ ինչ-որ բան ենք սինթեզում, որն ամբողջական չի կարող լինել:

– Դու նաև դասավանդում էիր: Ունա՞կ է հայ երիտասարդությունն ընկալելու այն, ինչ մատուցվում է:

– Ունակ են ընկալել նրանք, ովքեր ուզում են ընկալել: Երբ ես ինքս գնում էի դասի՝ վերցնում էի այն, ինչ ինձ պետք էր: Նույնն էլ իմ ուսանողներն էին: Կային մարդիկ, ովքեր նվիրված էին, ցանկանում էին ամեն կերպ սովորել, փորձել, մարդիկ էլ կային, ում համար միևնույն էր՝ ի՞նչ է ասվում, ինչի՞ համար է անհրաժեշտ դա իմանալ: Դա բնական է, դա այդպես էլ պետք է լինի: Բայց այսօր համատարած անուշադրությունը փոքր-ինչ շատ է:

– Երիտասարդությանն «անուշադրության» այդ մթնոլորտից հանելու ելք տեսնո՞ւմ ես:

– Եթե մեր համալսարաններից տարվա կտրվածքով դուրս գա ամեն մասնագիտության համար մեկ լավ ուսանող, ով կվերապատրաստվի դրսում և հետ կվերադառնա Հայաստան, մեր վիճակն իսկապես կբարելավվի: Մենք չենք մտածի լավ արտադրանք ստանալու եղանակների մասին: Բայց այդպես քիչ է լինում: Մարդիկ ուղղակի արտագաղթում են: Լավ մասնագետներն այստեղ չեն մնում: Աճելու հնարավորություն չկա: Մարդիկ նորին և ավելիին են ձգտում, և դա բնական է: Բացի այդ, այստեղ շուկան մոնոպոլացված է: Այնպես չէ, որ եթե ուսանողը տաղանդավոր է և գումար ունի, կարող է առաջ գնալ: Ոչ, խնդիրը փոքր-ինչ այլ է:

– Ո՞րն է խնդիրը:

– Մենք օտարամոլ ենք: Երբ երիտասարդն ավարտում է բուհն, ու իրեն թույլ չեն տալիս մի բանի հասնել իր սեփական երկրում, նա հասկանում է, որ պետք է գնա արտասահման՝ այլ երկրում զրոյից իր կարիերան ստեղծելու: Փոխարենը, երբ տեղեկանում ենք, որ կա մեկը, ով դրսում ուսում է ստացել և հաջողություններ է գրանցել, մենք մեծ սիրով և բարձր վարձատրությամբ հետ ենք կանչում նրան: Բայց հիշենք, որ ամենասկզբում մենք այդ նույն ուսանողին տեղ չէինք տալիս, թույլ չէինք տալիս սովորել, աճել: Ինչո՞ւ պետք է այսպես լինի:

– Հաճախ է խոսվում հեռուստաեթերային «աղբի» մասին: Լինելով ռեժիսոր, ինչպե՞ս կբացատրես եթերում այսքան շատ անորակ հաղորդումներ ունենալու փաստը:

– Չեմ ցանկանա վատ բան ասել, բայց մենք բոլորս գիտենք, որ հեռուստաընկերությունները հիմնականում աշխատում են գումար բերող ծրագրերի վրա: Բոլորն ունեն գովազդի խնդիր, այնպիսի ծրագրեր են եթեր հեռարձակում, որոնցով հնարավոր է գումար աշխատել: Այսօր մենք մարդկանց մատուցում ենք այն, ինչ պահանջում են: Բայց դա ինչի՞ց է առաջացել: Միգուցե դա այն բանի հետևանք է, որ մենք միշտ նրանց վատն ենք հրամցրել, և այսօր հենց դա էլ պահանջո՞ւմ են: Պահանջարկը ձևավորում ես:

– Իսկ միգուցե դա գալիս է վատ կրկնօրինակումի՞ց:

– Ես չգիտեմ՝ հասարակությո՞ւնն է մեղավոր, որ ցածր ճաշակ ունի և դա է պահանջում, թե՞ հեռուստաընկերություններն են մեղավոր, որ ցածրորակ ծրագրեր են հրամցնում: Բայց փաստը մնում է փաստ, որ հասարակությանը վատ արտադրանք է մատուցվում: Որքան վատը եղավ այդ արտադրանքը, այնքան հանդիսատեսն ավելի շատ կլինի, դրա արդյունքում էլ գումարը գովազդի տեսքով կավելանա:

– Իսկ ի՞նչ է պահանջում այսօր հասարակությունը:

– Սերիալներ:

– Ինչո՞ւ: Անգործությունի՞ց:

– Չէ, ոչ թե անգործ են, այլ իրենց դուր է գալիս այն կեղծ իրականությունը, որն իրեն մատուցում են: Նա ցանկանում է նստել և իրեն տեսնել: Հավատում է նրան, որ ասում են, թե կյանքից վերցրած կերպարներ են: Եթե հետզհետե մեր եթեր մուտք գործեն այնպիսի հաղորդումներ, որոնք կլինեն ժամանցային, հետաքրքիր, ուսուցողական, մարդիկ կդադարեն դիտել այդ ամենը: Ես չեմ ուզում նշել վատ հաղորդումների և դրանց հեղինակների անունները, դա ակնհայտ է, ուղղակի կասեմ, որ այս ամենի պատճառով մենք կորցնում ենք մեր ազգային նկարագիրը:

– Ըստ քեզ՝ ի՞նչ է հեռուստատեսային և, առհասարակ, ռեյտինգը: Բոլորն այդ մասին են խոսում: Հեռուստաընկերությունների միջև մրցավազք է սկսվել:

– Դա ֆալշ է, որով իրենք իրենց են խաբում և խաբում են գովազդատուներին: Դա փոփոխական և ստեղծված բան է:

ԱԻԴԱ ՂԱՐԻԲՅԱՆ

168 Hours