News

Հայ ռեժիսորի ֆիլմը հաղթել է Կանադայի հեղինակավոր կինոփառատոնում

10.12.2014

Ռեժիսոր Վահե Յանի՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում» ֆիլմը Կանադայի հեղինակավոր «Նուռ» կինոփառատոնում արժանացել է «Տարվա լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին:

Ռեժիսորը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ֆիլմը նկրահանելիս իրենց միակ նպատակը եղել է հերոսների խնդիրների մասին բարձրաձայնելը:

«Ֆիլմի ստեղծման գաղափարը պատահական է առաջացել, երբ հեռուստատեսությամբ տեսանք ռեպորտաժ, թե ինչ պայմաններում են ապրում ազատամարտիկները, և առավել հետաքրրքիր էր մեզ համար Վիտալի Ռադչենկոյի պատմությունը, ով ազգությամբ ուկրաինացի է, սակայն ընկերոջ՝ Զաքարի հետ միասին եկել է Լեռնային Ղարաբաղ՝ ընկերոջը պատերզմի դաշտում մենակ չթողնելու համար:

Ընկերը այստեղ մահանում է, իսկ ինքը դառնում է հաշմանդամ և մինչև այսօր ապրում է վատ պայմաններում: Ես և մոնտաժի ռեժիսոր Արա Մկրտչյանը, երբ տեսանք այդ մարդկանց, հասկացանք, որ ցանկալի կլինի ֆիլմ ստեղծել, քանի որ նրանց խոսքը դրանով ավելի լսելի կդարձնենք և ավելի լայն աուդիտորիա կգրավենք, քան ռեպորտաժով, որը ավելի իրադարձային է: Եվ այդպես ստեղծվեց ֆիլմ, որը որևէ փրոդաքշնի կամ հեռուստաընկերության պատվեր չէ»,- ասաց նա:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը նկարահանվել է 4-5 օրումը, իսկ տեխնիկան և պայմանները տրամադրել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը: «Շատ արագ թիմը հավաքվեց և բեմադրող օպերատոր Ռոբերտ Խարազյանի հետ միասին շատ արագ 4-5 օրում նկարահանեցինք ֆիլմը, բայց դրանից առաջ մոտ 2 շաբաթ շփվել ենք հերոսների հետ և այդ շփումը մինչև հիմա էլ շարունակվում է: Նկարահանումից հետո մեկնեցինք Մոսկվա և 6 ամիս հետո անցանք մոնտաժի: Արագ նկարահանված և երկար մոնտաժված ֆիլմ է, որը, ստեղծվել է ընդհանուր առմամբ 1 տարում»,- ասաց նա:

Վահե Յանի խոսքով՝ ֆիլմի հիմնական նպատակը անհատի և համակարգի պայքարի խնդիրը ներկայացնելն է, և թեև սկզբում մտավախություն ուներ, որ Վիտալին չի ցանկանա խոսել, սակայն հեշտ համաձայնեցին աշխատել, ինչից հասկանալի դարձավ, որ հերոսները լսվելու կարիք, պահանջ ունեն:

«Ղարաբաղի պատերազմից հետո սկսվել է կեցության իրավունքի պատերազմ և Վիտալիի միջոցով փորձեցի ցույց տալ պատերազմի և մարդկային ճակատագրի աբսուրդը: Երբ Վիտալին հաշմանդամ էր, նրան սկսեցին ուշադրություն չդարձնել, պայմաններ չտրամադրել, նա որոշեց Ուկրաինա վերադառնալ, սակայն սահմանից հետ ուղարկեցին, քանի որ անձնագրի ժամկետը վերջացած էր, նա դիմում է Ուկրաինայի դեսպանատուն, ասում են՝ դու մեր երկրի համար տեռորիստ ես և եթե հիմա հետ չգնաս, մենք քեզ կձերբակալենք:

Ստացվում է մի իրավիճակ, որը կա արտասահմանյան գրականությունում, օրինակ՝ Կաֆկայի մոտ, երբ մարդը հայտնվում է աբսուրդային իրավիճակում, փակուղում, չգիտի՝ ուր գնա: Սա ծանոթ իրավիճակ է, որը եղել է նաև այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում պատերազմից հետո, այսինքն, սա գլոբալ խնդիր է: Իշխանության նկատմամբ քննադատություն կա, բայց որոշել եմ չմոնտաժել այդ խոսքերը, որովհետև դրանք ֆիլմի կոլորիտի մի մասն են, բայց դա չի նշանակում, որ քաղաքական ենթատեքստ եմ դրել ֆիլմում, որովհետև ես քաղաքականությունից չեմ հասկանում և դա ինձ հետաքրքիր չէ: Ֆիլմի կենտրոնում ինձ համար մարդն է, ես ինչքան կարողացել եմ, այդ աբսուրդը ներկայացրել եմ հանդիսատեսին»,- ասաց նա:

Ռեժիսորը պատմեց, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն վեպի հերոսի նման, որը ունի աքլոր և կռվացնում է նրան, իր հերոսն էլ ունի աղավնիներ, որոնց բաց է թողնում վերջում, ասում՝ «գնացեք, ազատ եղեք»:

Վահե Յանը ասաց, որ իրենց նպատակը չի եղել ֆիլմը որևէ փառատոնի ներկայացնելը, այլ, որ իր հերոսների ճակատագրին շատ մարդիկ տեղեկացված լինեն:

«Ֆիլմի մոնտաժման ընթացքում ռուսական ««СТОП! СНЯТО!» ընկերությունը ստանձնեց ֆիլմը տարբեր փառատոներին ներկայացնելու պատրաստակամությունը: Մենք որևէ փառատոնի ֆիլմը չենք ներկայացրել, սակայն դա, կարծում եմ, նրանց ճակատագրին ծանոթացնելու ևս մեկ հնարավորություն է»:

Հարցին՝ որևէ արձագանք եղել է ֆիլմից հետո, ռեժիսորը պատասխանեց. «Ֆիլմի նկարահանման սկզբում եղավ լավ բան, Վիտալին ստացավ ՀՀ քաղաքացիություն, առաջ ՀՀ-ում ապրելու համար տարեկան մոտ 100 հազար դրամ էր վճարում: Կամ հաճելի պատահականություն էր, կամ էլ ֆիլմի հետ էր կապված, չգիտեմ, բայց, երևի թե, միակ արձագանք է, եթե դա կարելի է արձագանք անվանել»,- ասաց նա:

aysor.am