News

«Հայկական կինոն դեռ շնչում է… չի մահացել»

30.01.2012

Արդյոք զարգացում ապրում է հայ կինոմատոգրաֆիան, որ՞ ֆիլմերն են ավելի պահանջված, կոմերցիա՞, թե՞ որակ… այս ամենի մասին HayNews.am-ը զրուցեց ռեժիսոր Վահե Յանի հետ:

-Վահե, դիտելով ձեր ֆիլմերից մի քանիսը, նկատեցի, որ դրանք արծարծում են սոցիալական խնդիրներ և կոմերցիոն բնույթ չեն կրում, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Հայաստանում վավերագրական կինոն ընդհանրապես կոմերցիոն բնույթ չի կրում: Կարծում եմ, եթե վավերագրական կինոն Հայաստանում ավելի զարգացած լիներ, գուցեև կոմերցիոն բնույթ կրեին: Այն կազմակերպությունները, որոնք ինձ պատվիրել էին այդ ֆիլմերը նկարահանել, ի սկզբանե նպատակ չունեին կոմերիցիայի, այլ նպատակն այդ խնդիրները բարձրաձայնելն էր, ներկայացնելը: Այնպես է ստացվել, որ այսօր կոմերցիոն ֆիլմերը կա´մ կատակերգություններ են, կա´մ մարտաֆիլմերը: Ես հուսով եմ, որ կհասնենք այն մակարդակին, որ հասարակ մարդու դրաման, պատմությունը կդառնա կոմերցիոն ֆիլմ, և հայ հանդիսատեսը կգնա այն դիտելու:

-Այսինքն այսօր Հայաստանում վավերագրական կինոարտադրությունը զարգացում չի՞ ապրում է:

-Եթե համեմատելու լինենք մի տաս-քսան տարի առաջվա և այսօրվա հայկական վավերագրական ֆիլմերը, ապա այսօր, իհարկե´, աճ զգացվում է` թե´ իմաստային առումով, թե´ տեխնիկական: Բայց վավերգրական կինոն ո´չ այսօր, ո´չ առաջ, և կարծում եմ` ո´չ էլ մոտակա տաս տարիների ընթացքում կոմերցիոն չի դառնա:

-Իսկ կինոմատոգրաֆիա՞ն:

-Այո, զարգացում կա, լինենք լավատես, բայց նախևառաջ մենք չունենք կինոդպրոց: Սա ամենահիմնական խնդիրներից մեկն է, որի պատճառով և´ ուսանողները, և´ արդեն համալսարանն ավարտածները մեկնում են արտերկիր: Մեզ մնացել են սովետական կինոյի դպրոցի մնացուկները, մենք չունենք եվրոպական, ամերիկյան կինոյի դասընթացները, դպրոցները, շատ խղճուկ է մեր կինոյի մասին ունեցած ինֆորմացիան ու բացի դրանից` այսօր կինոյով զբաղվում են այնպիսի մարդիկ, ովքեր կինոյի հետ այնքան էլ կապ չունեն: Այսօր ով ունի հնարավորություն, նկարում է, եթե այդպես շարունակենք ու ամեն պատահական մարդ ֆիլմ նկարի, ապա մեր կինոն կշարունակի գտնվել բարբարոսական մակարդակում, ինչպես հիմա է:

-Այսինքն` կինոն ամեն դեպքում ապրու՞մ է:

-Ես չէի ասի, որ ապրում է, ես կասեի` կինոն շնչում է, այսինքն` չի մահանում: Բայց հույս ունեմ, որ մի օր կապրի: Այսօր մեր` վատ կինո ունեցող երկրում, ստեղծվում է որոշակի պլանկա: Այսինքն` եթե հանդիսատեսը գալիս է կինոթատրոն և դիտում է կոմերցիոն ֆիլմ, ապա հաջորդ ֆիլմ նկարողները պարտադրված են այդ պլանկայից ավելի բարձր ֆիլմ նկարահանել: Սա իր հերթին աճ է:

-Որո՞նք են այժմյան կինոմատոգրաֆիայի հիմնական խնդիրները:

-Ինչպես արդեն նշեցի կինոյի դպրոցի պակասությունը, նաև ստեղծագործողի տգիտությունը, կինոդերասանական դպրոցի բացայակությունը, սցենարիստական դպրոցի բացակայությունը և ամենավերջում միայն` ֆինանսական խնդիրները: Հավատացեք, այսօր սցենարիստի խնդիրն ավելի մեծ է, քան ֆինանսները, որովհետև, եթե ունենաս լավ սցենար, ապա գումար ավելի հեշտ կճարվի: Կինոն կարող է չզարգանալ, որովհետև կապված է մեծ ֆինանսների հետ, սա հասկանալի է: Բայց կինոսցենարը…ախր ոչինչ չի պահանջում, պետք է սցենարիստը նստի ու գրի: Գաբրիել Գարսիա Լորկան թատրոնի մասին շատ լավ խոսք է ասել ` «Վատ թատրոնը հասարակության մոտ ստեղծում է սմբակներ, լավ թատրոնը` տալիս է թևեր»: Այս խոսքերը վերաբերում են ընդհանրապես արվեստին: Մենք սերիալների, ֆիլմերի միջոցով պետք է աշխատենք հասարակությանը տալ թևեր: Սա պետք է գիտակցեն հեռուստատեսության տնօրենները, ֆիլմ ստեղծողները, և աշխատեն ոչ թե շահույթ հետապնդել, այլ` որակ ստեղծեն: Միայն այդ դեպքում մենք կունենանք մեծ առաջընթաց:

-Ձեր կարծիքով` ո՞ր ֆիլմերն այսօր պահանջարկ ունեն:

-Այսօր պահանջարկ ունեն մեծ բյուջեով նկարահանված ֆիլմերը, ֆիլմեր, որտեղ նկարահանվում են հայտնի «աստղեր», հիմնականում պահանջարկ ունեն կոմեդիաները: Այս ամենը շատ լավ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ այդ նույն «աստղերը» կարող են նկարահանվեն այլ ոճերում, և հանդիսատեսն էլ գնա ու նայի նաև այդ ֆիլմերը: Վերջերս գնացել էի կինոթատրոն հայկական ֆիլմերից մեկը դիտելու համար և ինձ ասեցին, որ առաջիկա երկու օրերի տոմսերն արդեն սպառվել են: Դա շատ լավ է, քանի որ հայ հանդիսատեսը հայկական ֆիլմի պահանջարկ ունի: Եթե ժողովուրդն այսօր այցելում է, ուրեմն արդեն զարգացում կա: Բայց պետք է հասկանանք, որ կինոմատոգրաֆիան մի ճյուղով չի զարգանա:

-Ինչու՞ ձեր ֆիլմերը կինոթատրոններում չեն ցուցադրվում, միայն «Երկու ճանապարհ» սուրդոթարգմանությամբ ֆիլմն էր, որ ցուցադրվեց:

-Ցավոտ հարց տվեցիր: Ցույց չտալը պայմանավոված է նրանով, որ մնացյալ ֆիլմերը ես նկարահանել եմ կա´մ «Շողակաթ» հեռուստատեսության, կա´մ «Շարմ Հոլդինգ» ընկերության հետ, և բնական է, որ ինքնագլուխ չեմ կարող ցուցադրել: Փոխարենը ֆիլմերը ցուցադրվել են հեռուստատեսությամբ:

-Նախատեսվու՞մ է, որ ձեր նկարահանած մյուս ֆիլմերն էլ կունենան սուրդոթարգմանություն:

-Ես ցանկություն ունեմ բոլոր այն ֆիլմերում, որոնք նկարել եմ, սուրդոթարգմանություն տեղադրել: Իհարկե, դա շատ ժամանակատար է, բայց նման ծրագրեր ունենք: Դրա միջոցով լսարանը կընդլայնվի և լսողության հետ խնդիրներ ունեցող անձինք էլ կկարողանան դիտել ու հասկանալ ֆիլմերը:

-Ի՞նչ ֆիլմերի վրա եք այսօր աշխատում:

-Այժմ «Շարմ Հոլդինգի» հետ միասին իրականացնում ենք «Արվեստակիրներ» նախագիծը, հանդիսանում եմ ֆիլմաշարի ռեժիսորներից մեկը: Նախագիծը բաղկացած է 12 վավերագրական ֆիլմերից: Ֆիլմեր ենք նկարահանում մեր հայկական արվեստի այսօրվա գոհարների մասին: Կոնկրետ ես նկարահանել եմ ֆիլմեր Հենրիկ Իգիթյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռուբեն Գևորգյանցի, Գոհար Գասպարյանի մասին: Կարծում եմ` սա շատ կարևոր է, որովհետև կանցնի ևս 50-100 տարի և այդ մարդկանց մասին պատմող շատ քիչ, կցկտուր հաղորդումներ կունենանք: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, արվեստամետ ու արվեստասեր նախագիծ է: Դրանք ևս հեռուստատեսությամբ շուտով կցուցադրվեն:

Գոհար Արամյան

HayNews.am