News

Ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար

04.12.2011

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: Անտուան դը Սենտ Էքսզյուպերիի «Աղոթք» բանաստեղծությունից տողեր են հնչում «Երկու ճանապարհ» (Two path) ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ նախօրեին: Ֆիլմը պատմում է խոսել ու լսել չկարողացող երկու անձանց մասին, ովքեր կարողացել են իրենց կյանքը դասավորել և հասնել հաջողությունների: Հերոսներներից մեկը` Հայկ Հոբոսյանը, շատ է սիրում պարել, իսկ մյուս հերոսը` Գոհարիկ Առաքելյանը, սիրում է նկարել:

Հանդիսատեսի դատին հանձնելով ֆիլմը` ռեժիսոր Վահե Յանը ներկաներին պատմեց ստեղծման պատմությունն, ու նշեց, որ ֆիլմ նկարահանելու առաջարկը եղել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից:

«Մինչ ֆիլմի նկարահանումները ծանոթ չէի լսողական խնդիրներ ունեցողների խնդրին: Այդ ժամանակ մտածում էի` շատ դժվար է լինելու հաշմանդամների մասին ֆիլմ նկարահանել: Այս մեկ նախադասության մեջ ես երեք սխալ թույլ տվեցի. առաջինը` նրանք հաշմանդամներ չեն, երկրորդ` ֆիլմը հեշտությամբ ստեղծվեց, իսկ երրոդ` ֆիլմը հաշմանդամների մասին չէ, ֆիլմը մեր բոլորի և սիրո մասին է: Մենք սկզբից սկսեցինք հետաքրքրվել և ուսումնասիրել մեր ֆիլմի թեման: Ծանոթացանք հրաշք անձնավորությունների հետ. «տարօրինակ» բարի անձնավորություններ են: Ես արդեն ոչ թե պիտի պատասխանեի կնկարահանեմ, թե ոչ, այլ միանշանակ ասում էի` ես ուզում եմ նկարահանել: Հետո սկսեցինք նկարահանման աշխատանքները»,- մանրամասնեց ռեժիսորը:

Իրենց հերթին` ֆիլմի հերոսները պատմում են, որ նկարահանվելու առաջարկը ստացել են ժեստերի թարգմանիչ Աննա Բերբերյանի կողմից:

«Պատրաստակամությամբ մասնակցեցի ֆիլմի նկարահանումներին և ասեմ, որ դժվար չէր: Հետագայում բոլոր մարդիկ, ովքեր կտեսնեն այս ֆիլմը, կհասկանան, թե լսողության խնդիրներ ունեցեղներն ինչ կարողություններ ունեն: Ահա հենց այս զգացումով եմ մասնակցել ֆիլմի նկարահանումներին»,-ասում է Գոհարիկը:

Իսկ Հայկն ասաց, որ ֆիլմի ստեղծման մասին ընդհանրապես տեղեկություններ չուներ. «Աննան հաղորդագրություն ուղարկեց և գրում էր, որ լսողության խնդիրներ ունեցողների մասին ֆիլմ է նկարահանվում և ինձ հրավիրում էր մասնակցելու ֆիլմի նկարահանումներին: Հետաքրքիր է` ուրիշ նկարահանումների ժամանակ դժվարություններ լինում էին, բայց այս դեպքում չեն եղել»:

Ռեժիսոր Վահե Յանը ևս փաստեց, որ նկարահանումների ժամանակ խնդիրներ չեն առաջացել. «Ես կարծում էի, որ նկարահանումները երկար են տևելու, բայց այդպես չեղավ, մտածում էի, որ չեմ կարողանա նկարահանել, ամեն ինչ ինձ համար շատ անսովոր էր: Բայց կարճ ժամանակ անց սկսեցի իրենց հասկանալ, և իրենք էլ սկսում էին ինձ հասկանալ: Ես նայում էի իրենց ու հայացքով ինչ-որ բան էի ասում, իրենք միանգամից հասկանում էին ու ճշտությամբ կատարում էին այն, ինչ պետք էր ֆիլմին: Ե´վ ամբողջ ստեղծագործական անձնակազմը, և´ ֆիլմի հերոսները համախմբված էինք մի գաղափարի շուրջ: Երբ քո գործն անում ես սիրով ու բացի դրանից սիրում ես նաև քո աշխատանքի թեման ու քո հերոսներին, դժվարություններ չես ունենում: Ես ետ եմ նայում և ոչ մի դժվարություն չեմ կարողանում հիշել: Իհարկե, եղել են խոչընդոտներ, սակայն դրանք հեշտությամբ հաղթահարվել են»:

Ֆիլմի սցենարիստ Կարինե Հարությունյանը պատմեց, որ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների մասին սցենարի մրցույթ էր հայտարարել: Այդ մրցույթում ունեցած հաղթանակից հետո հիմնադրամն առաջարկել է Կարինե Հարությունյանին իրենց մեկ այլ ծրագրի`«Երկխոսություն խուլերի հետ» շրջանակում ֆիլմ պատրաստել, որը պետք է ներկայացներ Հայաստանում ապրող լսողական խնդիրներ ունեցողների կյանքը:

«Շուրջս հավաքեցի իմ լավ ընկերներին և ստեղծվեց ֆիլմը»,- ընդգծեց սցենարիստն ու հավելեց, որ մինչ ֆիլմի հերոսների` Հայկի և Գոհարի վերջնական ընտրությունը, մոտ 50 հոգու հետ է զրուցել:

Խոսելով ֆիլմի առանձնահատկություններից` սցենարիստն առաջին հերթին շեշտեց ժեստային թարգմանությունը, որը բացակայում է գրեթե բոլոր ֆիլմերում: Այնուհետև նշեց, որ հերոսների միջոցով «հաղորդագրություններ» են ուղարկվում մեր կառավարությանն ու հասարակությանը.

«Երբ ֆիլմի ժամանակ Հայկն ասում է, որ երբ խոսում է արտասահմանցի խուլերի հետ և նրանք զարմանում եմ, որ Հայաստանում խուլերի համար ոչ մի բան չկա, դա արդեն հաղորդագրություն է մեր կառավարությանը: Երբ Գոհարիկն ասում է, որ փողոցում քայլելիս իր վրա ծիծաղում են, նա մտածում է, որ նրանք հետամնաց են, դա հաղորդագրություն է մեր հասարակությանը»,-մանրամասնեց սցենարի հեղինակը:

«Մենք սովոր ենք լսել, զգալ, տեսնել, շոշափել, իսկ ի՞նչ կլինի աշխարհում, եթե դու տեսնում ես, շնչում ես, զգում ես, շոշափում ես, բայց չես լսում»,- հարցադրեց ռեժիսորն ու հավելեց. «Մենք մեր առօրյա կյանքում այնքան կեղտ ենք լսում, այնքան զզվելի ձայներ, այնքան ինֆորմացիա, որը մեզ իրականում պետք չի, այնքան անկարևոր ու վատ խոսքեր: Այն աշխարհը, որի մեջ մենք փորձեցինք ներթափանցել, հրաշալի աշխարհ է` առանց ձայների: Ես մինչև այս պահը դուրս չեմ եկել այդ աշխարհից: Սա այնպիսի ֆիլմ է, որ բոլորը պետք է տեսնեն, այն կոմերցիոն ֆիլմ չէ, այն ֆիլմ է մեր մասին, սիրո ու բարության մասին: Երբ մենք տեսնում ենք նրանց, ասում ենք` հաշմանդամ են, խուլ ու համր են, բայց դու փորձե՞լ ես իրենց աշխարհը մտնել, մտիր նրանց աշխարհ ու հասկացիր, որ դու քո մեջ ավելի հաշմանդամ ես, քան նրանք, ովքեր ձայներ չեն լսում»:

Ռեժիսոր Վահե Յանն ամփոփեց իր խոսքը ժեստերի լեզվով` ասելով. «Դուք լուսավորեցիք իմ և ամբողջ աշխատակազմի հոգին, ես ձեզ սիրում եմ»:

Գոհար Արամյան

HayNews.am