News

Գնդապետին ոչ ոք չի գրում. ռեժիսոր Վահե Յանը նոր ֆիլմ ունի

21.12.2012

Երիտասարդ ռեժիսոր Վահե Յանը նոր վավերագրական ֆիլմ է նկարահանել: «Ֆիլմը նախկին ազատամարտիկների մասին է, ովքեր ապրում են անմարդկային պայմաններում: Չնայած այն հանգամանքին, որ ժամանակին նրանք իրենց կյանքն անգամ չեն խնայել հայրենիքի պաշտպանության համար, նրանց ճակատագրերով այսօր ոչ ոք չի հետաքրքրվում: Ֆիլմը կյանքի ու մահվան, կռվի ու խաղաղության, խորտակված ճակատագրերի և քողարկված, սակայն անկոտրում լավատեսության մասին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահե Յանը: Ֆիլմի հերոսներն իրական մարդիկ են՝ ազատամարտիկներ, ովքեր դրվագ առ դրվագ նկարագրում են իրենց պատերզմյան և ետպատերազմյան շրջանում կրած զրկանքները:

«Ֆիլմի հերոսը Վիտալին է, ով Ուկրաինայից իր ընկերոջ՝ Զաքարի հետ միասին գալիս է Լեռնային Ղարաբաղ՝ ընկերոջը պատերզմի դաշտում մենակ չթողնելու համար: Զաքարը մահանում է, իսկ Վիտալին շարունակում է ապրել ու կռվել ընկերոջ հայրենիքն ազատ տեսնելու համար: Վիտալիի միջոցով փորձել ենք հանրությանը ներկայացնել այն ամենն, ինչ կատարվել է պատերազմի դաշտում և մինչ օրս կատարվում է ֆիլմի հերոսների հետ»,- ասաց Վահե Յանը: Ֆիլմը կոչվում է «Գնդապետին ոչ ոք չի գրում», այն արդեն մոնտաժման փուլում է և էկրաններին կհայտնվի 2013թ (ֆիլմի թրեյլերը հնարավոր է դիտել Youtube-ում)։

ԱԻԴԱ ՂԱՐԻԲՅԱՆ

168 Hours