News

Այդ ժամանակ էլ կգտնվի սուրդոթարգմանություն տեղադրելու ցանկությունը…

10.12.2011

«Երբ կինո եմ նայում, կադրերից ինչ-որ բաներ հասկանում եմ, բայց քանի որ թարգմանություն չկա, ամբողջովին չեմ հասկանում:

Լինում են դեպքեր, երբ տեղեկատվություն ստանում եմ լուսագրերից, սակայն համեմատելով ցուցադրվող կադրի հետ` հասկանում եմ, որ տարբեր իմաստներ ունեն: Շատ լավ կլինի, որ գոնե տեղեկատվական հաղորդումների ընթացքում լինի սուրդոթարգմանություն»,-HayNews.am-ի հետ զրույցում ասաց լսողության հետ խնդիրներ ունեցող Հայկ Հոբոսյանն ու ավելացրեց, որ շատ անգամներ բողոքել են և պահանջել, որ իրենց ապահովեն սուրդոթարգմանությամբ, սակայն ամեն անգամ խոստանում են, որ կկատարեն ու մինչև այսօր չեն կատարել:

Նշենք, որ Հեռուստատեսության և Ռադիոյի մասին ՀՀ օրենքում նշված է, որ Հանրայինը պարտավոր է օրական մեկ լրատվական և մեկ մանկական հաղորդում ապահովել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրերով (այսինք` վազող տողով): Սակայն …

Այս տարվա հունվար ամսից սկսած «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը, օրենքի այս բացը լրացնելու և լսողության հետ խնդիրներ ունեցողների տեղեկատվություն ստանալու իրավունքը վերականգնելու համար, մի խումբ լսողության հետ խնդիրներ ունեցող երիտասարդների հետ համատեղ հանդես է եկել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններով: Կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը HayNews.am-ի հետ զրույցում նշեց, որ տարբեր միջոցառումների և բաց նամակների տեսքով այս հարցը բարձրացրել են տարբեր ատյաններում:

«Բաց նամակներ ենք ուղարկել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, հետո ասուլիս ենք տվել` կրկին լսողության հետ խնդիրներ ունեցող երիտասարդների հետ համատեղ, «Barcamp»-ում ենք հանդես եկել, ամառը ՄԻՊ գրասենյակի կազմակերպած համաժողովին կրկին այս հարցը բարձրացրել ենք և էլի մի շարք այլ միջոցառումների ընթացքում: Եվ իհարկե միշտ նշել ենք, որ օրենքում կա երկիմաստություն և այն պետք է շտկել: Մենք առաջարկել ենք նաև, որ վերը նշված օրենքում «կամ հայերեն լուսագրերով» բառակապակցությունը հանվի, որպեսզի մնա միայն սուրդոթարգմանություն բառը:

Այդ առաջարկը այժմ ընդգրկված է Հեռուստատեսության և ռադիոյի օրենքի վերաբերյալ փոփոխությունների օրինագծում: Թե երբ այն կդրվի քննարկման, տեղյակ չեմ, բայց հնարավոր է նաև այս ամիս»,-ավելացրեց Դեհերյանը:

ՀԿ նախագահը նշեց նաև, որ տարեսկզբից սոցիալական ցանցերում բացել են մի շարք էջեր, մասնավորապես ստեղծել են «Լռության Ձայն» էջը, որին հաջորդեց «Armenian Deaf Net, լուրեր խուլերից բոլորի համար» բլոգի ստեղծումը, իսկ ամռանն էլ ստեղծվեց «Պահանջում ենք վերականգնել 3500 խուլերի տեղեկացված լինելու իրավունքը» ֆեյսբուքյան էջը:
Իր հերթին` «Երկու ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր Վահե Յանը, ում ֆիլմն առաջին ֆիլմերից է, որն ունի սուրդոթարգմանություն, կարծում է, որ հեռուստատեսությունում հաղորդումները սուրդոթարգմանությամբ ապահովելու համար կան մի շարք խնդիրներ:

«Նախ մենք շատ քիչ սուրդոթարգմանիչներ ունենք, հետո հեռուստատեսության համար դա շատ ժամանակատար է: Ինքս առաջին սուրդոթարգմանությամբ ֆիլմի ռեժիսորն եմ: Ֆիլմ ենք ստեղծել, որովհետև ցանկացել ենք ոչ միայն իրենց խնդիրները ցույց տալ մեր հասարակությանը, այլև լսողության հետ խնդիրներ ունեցող անձինք էլ տեսնեն և գնահատեն»,-ասաց ռեժիսորը և հավելեց, որ մենք կոմպլեքսավորված ենք նրանց հանդեպ. «Երբ սկսենք այդ կոմպլեքսները հաղթահարել, այդ ժամանակ էլ կգտնվի սուրդոթարգմանություն տեղադրելու ցանկությունը»:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը նշեց, որ սուրդոթարգմանությամբ ուղեցվող մանկական հաղորդումը վերականգնվեց փետրվար ամսին «Շողակաթ» հեռուստաալիքով, իսկ լրատվական հաղորդում դեռևս չկա: Իսկ Վահե Յանն իր հերթին ավելացրեց, որ Տեր Եսայի քահանայի և մի շարք նվիրյալների շնորհիվ կատարվում է տարբեր ֆիլմերի սուրդոթարգմանություն:

«Ճիշտ է քիչ ֆիլմեր են թարգմանվել, բայց դա էլ հուսադրող է: Խորհրդանշական է, որ հայ առաքելական եկեղեցու ամենակարևոր արարողություններից մեկը` պատարագն է «թարգմանվել» Շողակաթ հեռուստաընկերության նախաձեռնությամբ: Կասեմ մի բան` հավատանք և սպասենք կամ ավելի ճիշտ հավատով սպասենք, որ մեր հեռուստաընկերությունները լսողության հետ խնդիրներ ունեցողներին սուրդոթարգմանությամբ կապահովեն: Եվ ինչպես գրված է Էքզյուպերիի «Աղոթք» բանաստեղծությունում, «Սովորենք փոքրիկ քայլերի արվեստը»:

Հ.Գ. Դեկտեմբերի 10-ին Լռության ձայն խմբի անդամները կմասնակցեն ՀՀ ՄԻՊ գրասենյակի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքների EXPO 2011» ցուցահանդեսին, որը լինելու է Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խնդիրը նույն է` պահանջում են վերականգնել 3500 լսողական խնդիրներ ունեցողների տեղեկացված լինելու իրավունքը:

Գոհարիկ Արամյան

HayNews.am